Вы находитесь на странице: 1из 8

Աբու Մուհամմադ Ահմադ Իբն Ասիմ ալ-Քուֆի (Քուֆի)

(ծնունդ` անհայտ-մահ` 926/7թ.)

Արաբ պատմիչ Քուֆիի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Անհայտ են նրա ծննդավայրն ու
ծննդյան թվականը: Հեղինակել է «Նվաճումների գիրք» բազմահատոր աշխատության, որն
ընդգրկում է համաշխարհային պատմության շուրջ 250-ամյա շրջան (632-866թթ.): Գրել է նաև
«Պատմություն» աշխատությունը, որն օգտագործել է որպես «Նվաճումների գրքի» նախաբան:
Հայտնի է նաև, որ նա, բացի պատմական աշխատություններից, հեղինակ է նաև
ժամանակագրական աշխատությունների, որոնք չեն պահպանվել:
Քուֆին արևելագետներին քիչ հայտնի հեղինակ է, որի աշխատությունը պահպանվել է
մեկ օրինակով` Ստամբուլում: Հայտնի է դարձել XXդ. 30-ական թթ., երբ առաջին անգամ
հայտնաբերվեցին և հրատարակվեցին դրա` արաբա-խազարական պատերազմներին
վերաբերող հատվածները: Ավելի ուշ, թուրք պատմաբան Ա. Ղուրաթը նույնպես
հրատարակեց նույն թեմային վերաբերող հատվածները1: Դրա որոշ հատվածներ
թարգմանվել են ռուսերեն ադրբեջանցի պատմաբան Զ. Բունիաթովի կողմից2:
Քուֆիի աշխատության առաջին մասը XII-XIIIդդ. սահմանագլխին թարգմանվել է
պարսկերեն, և մինչև XXդ. 30-ական թթ. միայն այդ է օգտագործվել գիտնականների կողմից`
նրանց շրջանում առաջացնելով զգալի անվստահություն տեղեկությունների
հավաստիության առումով: Ներկայումս, երբ շրջանառության մեջ է աշխատության
արաբերեն բնագիրը, որի տեղեկությունները հնարավոր է համադրել այլ հեղինակների
հաղորդումների հետ, Քուֆին համարվում է Բալազուրիին համարժեք մեծությամբ հեղինակ:
Քուֆին արաբ այն հեղինակներից է, որոնց ստեղծագործությունները կարևորություն
են ներկայացնում VII-VIIIդդ. Հայոց պատմության լուսաբանման համար: Նրա
աշխատության մեջ արժեքավոր բազմաթիվ տեղեկություներ կան Հայաստանի և հայերի
մասին: Սակայն, այն հաճախ դուրս է մնացել հետազոտողների ուշադրությունից: Մինչև այժմ
Քուֆիի աշխատությունը կամ դրա` Հայաստանին վերաբերող հատվածները հայերեն չեն
թարգմանվել:
«Նվաճումների գրքի» արաբերեն բնագիրը հրատարակվել է Հայդարաբադում 1971թ.3:
Ստորև բերվող հատվածները քաղված և թարգմանված են այդ հրատարակությունից4:
Ընտրողաբար թարգմանվել են Հայաստանի վերաբերյալ Քուֆիի ամենակարևոր
տեղեկությունները, որոնք այլ արաբ պատմիչներ կամ չեն պահպանել և կամ պահպանել են
այլ ձևով: Սակայն նրա աշխատության մեջ կան Հայաստանին վերաբերող այլ հատվածներ
ևս, որոնք սպասում են իրենց թարգմանչին:

1
ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԳԻՐՔ

Մաս II
էջ 111-116

Սալման Իբն Ռաբիայի5 և Հաբիբ Իբն Մասլամայի6 արշավանքները Հայաստան և


այսրկովկասյան երկրներ7
«...Սալման Իբն Ռաբիան Իրաքի բնակիչների հետ եկավ Արմինիա8 երկիրը: Երբ
Արմինիայի թագավորները տեղյակ դարձան իրեց երկրներ արաբների մուտքի մասին, նրանք
թաքնվեցին բերդերում և լեռնային անտառներում:
...Սալման Իբն Ռաբիան սկսեց ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր թշնամացան նրա ու
[նրա] զորքի դեմ և գրավել ճանապարհին հանդիպած նրանց քաղաքներն ու բերդերը և
երկիրը թշնամիներից ազատելով` հասավ Բայլական9, որն Առան10 երկրում է:
...Բայլականի բնակիչներն ընդառաջ դուրս եկան` խաղաղության խնդրանքով և
հյուրընկալեցին նրա զորքին: Նրանց հետ [Սալման Իբն Ռաբիան առաջարկեց] հաշտություն
կնքել` ջիզիա11 վճարելու պայմանով: Նրանք ընդունեցին պայմանը:
Դրանից հետո նա Բայլականից գնաց և պաշարեց Բարդաայի12 ամրոցը: Նրանք նրա
հետ հաշտություն կնքեցին` հարկ վճարելու պայմանով, որը նա ստացավ և բաժանեց իր
զինվորներին: Դրանով նա ուժեղացրեց նրանց կամքը:
Այնուհետև նա հեծելազորով շարժվեց դեպի Ջուրզան13 երկիրը: Նրանց հետ նա
հաշտություն կնքեց` տարեկան հարկ վճարելու պայմանով:
Դրանից հետո նա վերադարձավ և...անցավ Կուր գետն ու մոտեցավ Շիրվան14 երկրին:
...Խալիֆա Ուսման Իբն Աֆֆանն15 իմացավ դժբախտության16 մասին և...գրեց Հաբիբ Իբն

Մասլամա ալ-Ֆահրիին` հրամայելով ամբողջ զորքով անցնել Արմինիա երկիրը:


...Երբ հասավ Ուսմանի նամակը, Հաբիբ Իբն Մասլաման հավաքեց իր զորքը` 6 հազար
հեծյալ ու հետևակ: Դրանից հետո նրանց հետ նա գնաց Արմինիա երկիրը:...Նա այնտեղ
մտավ մի լեռնանցքով, որն այժմ կոչվում է Բանու Զարարա17:
Նա...հասավ Խիլաթ18 կոչվող քաղաքին, կանգ առավ նրա բերդի մոտ, որտեղ հավաքվել
էին անհավատները19: Բերդի մոտ մնալով մի քանի օր, նա հեռացավ և...հասավ Սիրաջ20
կոչվող երկրին, որտեղ կանգ առավ: Այնտեղից նա նամակ ուղարկեց Ջուրզանի բնակիչներին:

2
Նրանց իշխանները ստացան նամակը, և Մասլաման նրանց հետ հաշտություն կնքեց` 80
հազար դիրհեմ21 վճարելու պայմանով:
Նա մնաց Արմինիա երկրում և դրեց նրա թագավորներին` պահանջելով հնազանդվել և
ընդունել իր պայմանները:
...Հաբիբ Իբն Մասլաման տիրում էր այնտեղ այնքան ժամանակ, մինչև Ուսման Իբն
Աֆֆանը նրան ազատման նամակ չուղարկեց: Նրա փոխարեն նշանակեց Խուզայֆա Իբն ալ-
Յամանիին:
...Խուզայֆան իր հորեղբոր ցեղից Սուլաաթ Իբն Զաֆիր ալ-Աբսիին ուղարկեց
Արմինիա երկիրը, որտեղ ինքն էր նշանակվել խալիֆայի կողմից:... Սուլաաթ Իբն Զաֆիր ալ-
Աբսին մտավ Արմինիա երկիրը և մեկ տարի իշխեց այնտեղ: Նա հնազանդեցնում էր այնտեղի
իշխաններին, մինչև որ բոլորն էլ չենթարկվեցին և չհնազանդվեցին նրան:
...Հետո Ուսման Իբն Աֆֆանը...հեռացրեց Խուզայֆային Արմինիա երկրում
տնօրինությունից, կանչեց Մուղիր Իբն Շուայբին և նշանակեց նրան Արմինիա և Ադարբիջան22
երկրներում:...Հետո խալիֆան հեռացրեց նրան և տնօրինությունը տվեց ալ-Աշաաս Իբն Կայս
ալ-Քինդիին: Նա այնտեղ մնաց մինչև Ուսման Իբն Աֆֆանի մահը:
Ալ-Աշաաս Իբն Կայսը խարաջ23 էր հավաքում Արմինիայից ու Ադարբիջանից և
ուղարկում Ուսման Իբն Աֆֆանին, թող Աստված նրանից գոհ լինի»:

Մաս VI
էջ 293-299

Մուհամմադ Իբն Մարվանի արշավանքը Հայաստան24, Արմինիա վարչական շրջանի


ստեղծումը և հայ իշխանների հրկիզումը
«...Աբդ ալ-Մալիք Իբն Մարվանը 25 կանչեց իր եղբայր Մուհամմադ Իբն Մարվանին26 ,
նշանակեց Ջազիրայի27, Ադարբիջանի ու Արմինիայի ամիրա28 և մեծ բանակ տվեց նրան:
...Այդ զորքի գլխավորությամբ Մուհամմադ Իբն Մարվանը դուրս եկավ Սիրիայից, և
նրա հետ էր Մասլամա Իբն Աբդ ալ-Մալիք Իբն Մարվանը29, ու հասավ Ջազիրա երկիրը:
Դրանից հետո նա կանչեց Ուբայդուլլահ Իբն Աբու Շայխ ալ-Աուիին, նրան տվեց 10 հազար
սիրիացի հեծյալ և հրամայեց մտնել Արմինիա երկիրը` պատերազմելու այնտեղ գտնվող
խազարների30 և մյուս անհավատների դեմ:

3
...Ուբայդուլլահ Իբն Աբու Շայխը զորքով մտավ Արմինիա երկիրը: Իմացավ երկրի
ժողովուրդը և մուսուլմանների դեմ հանեց 100 հազարից ավելի մարդ: Նրանք կոտորեցին
բոլոր մուսուլմաններին և տիրեցին նրանց ունեցածին ու զենքին: Նրանք հավաքեցին
մուսուլմանների ամբողջ ունեցածը:
...Այդ իմացավ Մուհամմադ Իբն Մարվանը...և արշավանքի դուրս եկավ 40 հազար
զինվորներով:
Երբ զորքով հասավ Արմինիա երկրի մեջտեղը, նրա դեմ դուրս եկան շատ ռումներ31 և
հայեր: Մուհամմադ Իբն Մարվանը կռվեց նրանց դեմ, սակայն, վախենալով, որ կպարտվի և
կպատվազրկվի իր դեմ կռվող անհավատների մեծ բազմությունից: Բայց Աստված
անհավատներին փախուստի մատնեց և ամրապնդեց մուսուլմաններին: Մուսուլմանները
նրանցից մեծ բազմություն կոտորեցին, գերիներ վերցրեցին` տիրելով նրանց երկրին և
ունեցվածքին:
...Դրանից հետո Մուհամմադ Իբն Մարվանը կանչեց նրանց հայտնի
ազնվականներին32` խոստանալով խնայել, տալ` ինչ որ կամենում են և նրանց առաջնորդ
նշանակել նրանց ցանկացած [անձ]ին: Նա երկար համոզում էր նրանց, մինչև որ նրանք
վստահեցին նրան: Հետո նրանք հավաքվեցին նրա մոտ և նրանց հետ համաձայնեցրեց
հաշտության պայմանները:
Հետո Մուհամմադ Իբն Մարվանն ասաց նրանց. «Ես ձեզ չեմ հավատում: Մտեք ձեր
եկեղեցիները և այնտեղ երդվեք ինձ, որ չեք խախտի հաշտությունը: Հետո տվեք ինձ գերիներ33
և գնացեք ձեր պալատները»:
...Նրանք համաձայնեցին և հետո մտան եկեղեցի[ներ], որպեսզի երդվեն: Երբ նա
իմացավ, որ նրանք հավաքվել են եկեղեցիներում, հրամայեց փակել դռները: Եկեղեցիների
դռները փակեցին, նավթ լցրեցին և հրկիզեցին: Այդ եկեղեցիները մինչև այժմ էլ կոչվում են

հրկիզված»34:

Մաս VIII
էջ 45-46

Հիշամ խալիֆայի օրոք35, Հյուսիսային Կովկասում զորավար Ջառռահի


պարտությունից36 հետո, Արմինիայի ոստիկան Սաիդ Իբն Ամր ալ-Հարաշիի37 արշավանքը
Հայաստան և Խլաթի գրավումը
4
«...Դրանից հետո նա38 հասավ Բանու Զարարա կոչվող լեռնանցքին, անցավ այն և
հասավ Խիլաթ քաղաքին: Նրա բերդը լի էր անհավատներով: Նա կռվեց մի քանի օր և գրավեց,
կոտորեց զինվորներին, իսկ ավարը բաժանեց իր զորքին: Հետո դուրս եկավ Խիլաթից և սկսեց
գրավել նրանց բոլոր բերդերը և ամրոցները, մինչև հասավ Բարդաա: Նա պաշարեց այն, որը
ուրախացրեց Բարդաայում ապրող մուսուլմաններին»:

էջ 71

Հիշամ խալիֆայի օրոք Մարվան Իբն Մուհամմադի39 արշավանքը Արմինիա40


«...Մարվան Իբն Մուհամմադը Սիրիայից դուրս եկավ 120 հազար զինվորներով և
շուտով հասավ Արմինիա: Այնուհետև, նա [շարժվեց ու] կանգ առավ Քասաք41 անունով մի
բնակավայրում, որը գտնվում էր Բարդաայից 40 և Տաֆլիսից42 20 փարսախ43 հեռավորության
վրա: Նա սկսեց ոչնչացնել Արմինիա երկրի իշխաններին ու բաթրիկներին44, մինչև [նրանք]
չհնազանդվեցին և չհպատակվեցին: Այնուհետև շարժվեց առաջ, գրավեց Արմինիայի բոլոր
ամրոցները»:

էջ 145

Արմինիայի ոստիկան Հասան Իբն Կահթաբայի45 արշավանքը Ջավախք և Ծանարք


«Երբ Հասան իբն Կահթաբան մտավ Առան երկիրը, [լուր հասավ], որ նրա դեմ
ապստամբել են սանարները46, որոնք անհավատներ են և բնակվում են Ջուրզան երկրում:
...Սանարները միացան Ջավախիթի47 ժողովրդի հետ, որոնք նույնպես անհավատներ
են: Նրանց թիվը շատ մեծ էր, և նրանք հարձակվեցին մուսուլմանների վրա: Նրանք

պատերազմեցին, և Աստված հաղթանակ պարգևեց մուսուլմաններին: Մի ճակատամարտում


անհավատներից 10 հազար մարդ սպանվեց:
Հասան Իբն Կահթաբան մնաց Առանի Բարդաայում: Նա կանչեց իր որդի Կահթաբային
և նշանակեց Բաբ ալ-Աբվաբի48 կառավարիչ, կանչեց մյուս որդուն` Իբրահիմին և նշանակեց
Ջուրզան երկրի կառավարիչ` սկսյալ Տաֆլիսից և անդին, իսկ երրորդ որդուն`
Մուհամմադին, նշանակեց Արմինիա երկրի կառավարիչ` սկսյալ Խիլաթից ու Կալիկալայից49
և անդին»:

5
էջ 256

Սահլ Սմբատյանի կողմից Խուրամյան շարժման առաջնորդ Բաբեկին ձերբակալելը


«Երբ լուրը հասավ50...Սահլ Իբն Սումբաթ 51 անունով կառավարչին, նա իր մարդկանցով
գնաց այնտեղ52: Երբ տեսավ Բաբաքին53, ճանաչեց և հասկացավ, որ նա ծպտված է: Նա սկսեց
ծառայել նրան: Բաբաքին դուր եկավ նրա վերաբերմունքը, և Սահլ Իբն Սումբաթը բերեց
նրան իր ամրոցը: Հետո նրան հյուրասիրեց գինիով, և Բաբաքը կերավ ու խմեց: Երբ նա
հարբեց, Սահլ Իբն Սումբաթը հրամայեց նրան շղթայել` աջ ձեռքը կապելով վզից: Այնուհետև
նա Բաբաքին հանձնեց իր մարդկանց և ուղարկեց Աֆշինին54:
Երբ Աֆշինը տեսավ Բաբաքին, շատ ուրախացավ: Հետո Սահլ Իբն Սումբաթին 1
միլիոն դիրհեմ արժողությամբ նվերներ ուղարկեց:
...Երբ Մութասիմը55 իմացավ, թե ինչ է արել Սահլ Իբն Սումբաթը Բաբաքի հետ, նրան
մարգարիտերով և գոհարներով զարդարված ոսկե թագ ուղարկեց: Թագի գինը 500 հազար
դիրհեմ էր: Բացի այդ, նա Սահլ Իբն Սումբաթին նշանակեց [Արմինիա երկրի] բոլոր
բաթրիկների գլխավոր56»:

էջ 350 -351

Սահլ Սմբատյանի կողմից Խուրամյան շարժման առաջնորդ Բաբեկին ձերբակալելը


(Քուֆին ներկայացնում է այդ պատմության մեկ այլ տարբերակ)
«Դա տեղի է ունեցել Սահլ Իբն Սումբաթի լեռներում:...Սահլ Իբն Սումբաթը և նրա
մարդիկ ձի նստեցին և գնացին Բաբաքի մոտ: Իբն Սումբաթը համբուրեց նրա դիմացի հողը և
ասաց. «Տե´ր իմ, ու՞ր ես գնում»: «Ռում»57 ,-պատասխանեց նա: Սահլ Իբն Սումբաթն ասաց.

«...Մնա իմ ամրոցում այս ձմեռ, հետո կիմանանք` ինչ անել: Ես քո ծառան եմ»: Բաբաքը
հավատաց Սահլ Իբն Սումբաթին և մնաց նրա ամրոցում: Սահլ Իբն Սումբաթը գրեց
Աֆշինին, որ Բաբաքն ու նրա մարդիկ իր մոտ են, իսկ նրա եղբայր Աբդալլահը գտնվում է Իբն
Իսթիֆանուսի58 ամրոցում: Աֆշինը պատասխանեց նրան. «Եթե դա ճիշտ է, դու կստանաս
հավատացյալների ամիրայից59` ինչ ցանկանաս»»:

թարգմ.` Արման Սամվելի Եղիազարյան

6
1
Տե´ս A. Karat, Abu Muhammad Ahmad bin A'sam al-Kufi'nin Kitab al-Futuh'u, Ankara Dil ve Tarih-Cografya
Fakueltesi Dergisi, 1948. VI, s. 385-425; 1949, VII, s. 255-282.
2
Տե´ս Абу Мухаммад Ахмад ибн А’сам ал-Куфи, Книга завоеваний (извлечения по истории Азербайджана VII-IX
вв.), перевод З. Буниятова, Баку, 1981. Ադրբեջանցի պատմաբան Զ. Բունիաթովը թարգմանել է Քուֆիի
աշխատության այն հատվածները, որոնք վերաբերում են Աղվանքին, Հայոց Արևելից կողմերին, Մերձկասպյան
երկրամասերին և Ատրպատականին: Այդ թարգմանության մեջ փորձ է կատարվել խեղաթյուրելու թե´ արաբ
պատմիչի երկի տեղեկությունները և թե´ պատմական ու պատմաաշխարհագրական իրողությունները:
Այսպես` չնայած հայտնի է, որ արաբական աղբյուրները «Ադարբիջան» ասելով ի նկատի ունեն
Ատրպատականը (ի միջի այլոց` «Ադարբիջան»-ը «Ատրպատական»-ի` արաբերեն լեզվին հարմարեցված ձևն է),
իսկ Հայաստանի անունից Արմինիա կոչվող վարչական շրջանն ընդգրկում էր Հայաստանն ու ողջ
Այսրկովկասը, Զ. Բունիաթովը փորձ է կատարել Հայոց Արևելից կողմերը (Առան) և մերձկասպյան
երկրամասերը ներկայացնելու որպես «Ազերբայջան»: Այդ կերպ թարգմանության մեջ խաթարվել է Քուֆիի
աշխատության պատմական և աշխարհագրական տեղեկությունների համակարգը, և ստեղծվում է
տպավորություն, որ ներկայիս Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների տարածքը կոչվել է
Ադարբիջան: Զ. Բունիաթովի թարգմանությունը սպասում է իր գրախոսին, որը կարող է էջ առ էջ ներկայացնել
բնագրի և թարգմանության հակասությունները, թարգմանության մեջ բնագրից միտումնավոր բաց թողնված
բառերն ու ամբողջ նախադասությունները, եզակի և հոգնակի թվերի միտումնավոր փոփոխությունները (երբ
խոսքը վերաբերում է «Արմինիա երկիր» (բիլադ ալ-Արմինիա) անվանը) և այլն:
3
Տե´ս Àl-Kufi, Kitāb’l-futūh, I-VIII, Hyderabad, 1968-1975 (արաբ.).
4
Այստեղ ընտրողաբար թարգմանել ենք Հայաստանի վերաբերյալ Քուֆիի ամենակարևոր տեղեկությունները,
որոնք այլ արաբ պատմիչներ կամ չեն պահպանել և կամ պահպանել են այլ ձևով: Սակայն նրա աշխատության
մեջ կան Հայաստանին վերաբերող այլ հատվածներ ևս, որոնք սպասում են իրենց թարգմանչին:
5
Արաբ զորավար, որը 655թ. գրավել է Հայոց Արևելից կողմերը, Աղվանքը, Կասպից ծովի արևմտյան ափերը և
Դարբանդը:
6
Արաբ զորավար, որը 654-655թթ. գրավել է Հայաստանը և Վիրքը:
7 Արշավանքները տեղի են ունեցել 654-655թթ.:

8
Արաբները, նվաճելով Հայաստանն ու այսրկովկասյան երկրները, ստեղծել էին Արմինիա անունով վարչական
շրջան:
9
Քաղաք Հայոց Արևելից կողմերում: Տեղադրվում է ներկայումս Օրեն-կալա կոչվող ավերակների տեղում:
10 Արաբները, պարսիկների
օրինակով, այդպես էին անվանում Հայոց Արևելից կողմերը:
11
Գլխահարկ:
12
Պարտավ:
13 Վիրք:

14
Երկիր Կասպից ծովի արևմտյան ափին` համանուն գետի ավազանում:
15
Իշխել է 644-656թթ.:
16
Սալման Իբն Ռաբիայի մահվան և խազարների կողմից նրա զորքի կոտորվելու մասին:
17
Ձորա Պահակ լեռնանցք:
18
Խլաթ:
19
Արաբները սկզբում անհավատ էին անվանում բոլոր ոչ մահմեդականներին:
20 Շիրակ:

21
Դրամական միավոր (արծաթյա) Արաբական խալիֆայությունում:
22
Ատրպատական:
23 Հողահարկ:

24
Մուհամմադ Իբն Մարվանի արշավանքը Հայաստան տեղի է ունեցել 697-700թթ.:
25
Արաբական խալիֆա: Իշխել է 685-705թթ.:
26
Արաբ նշանավոր զորավար:
27
Հյուսիսային Միջագետք:
28
Հայկական աղբյուրներում օգտագործվում է ոստիկան անվանումը:
29
Արաբ զորավար, որը 713թ. արշավել է դեպի Ալանաց դուռ:
30
Հյուսիսային Կովկասում այդ ժամանակ գոյություն ուներ Խազարական թագավորությունը, որը հաճախ
արշավանքներ էր կատարում դեպի Այսրկովկաս ու Հայաստան:
31
Բյուզանդացիներ:
32
Նախարարներ:
33 Պատանդներ:

7
34
Այդ իրադարձությունը, որը տեղի է ունեցել Նախճավանի և Խրամի եկեղեցիներում 705թ., հիշատակում են
նաև հայկական սկզբնաղբյուրները:
35
Իշխել է 724-743թթ.:
36
Ջառահի արշավանքը Հյուսիսային Կովկաս տեղի է ունեցել 729թ., իսկ նահանջը և մահը` 730թ.:
37
Արմինիայի ոստիկան 730-731թթ.: Հայկական աղբյուրներում` Սեթ Հարաշի:
38
Սաիդ Իբն Ամր ալ-Հարաշին:
39
Արմինիայի և Ատրպատականի փոխարքա 732-744թթ.:
40
Մարվան Իբն Մուհամմադը երկու արշավանք է կատարել դեպի Արմինիա, որտեղից անցել է Հյուսիսային
Կովկաս: Դրանք տեղի են ունեցել 732/733 և 738/739թթ.: Այստեղ խոսքն առաջին արշավանքի մասին է:
41
Ամենայն հավանականությամբ, Քասաղ:
42
Տփղիս:
43 Մեկ փարսախը հավասար է 5.8 կմ: Այսինքն` Տփղիսը
գտնվում էր այդ վայրից մոտ 115, իսկ Պարտավը` մոտ
230 կմ հեռավորության վրա, որն էլ հավանական է դարձնում դրա նույնացումը Քասաղին:
44
Պատրիկներ:
45
Արմինիայի ոստիկան 754-759թթ.:
46
Ծանարներ:
47
Ջավախք:
48
Դարբանդ:
49
Կարնո քաղաք:
50
Բաբեկի փախուստի և Հայոց Արևելից կողմերում թաքնվելու մասին:
51
Խաչենի իշխան Սահլ Սմբատյան:
52
Բաբեկի գտնվելու վայրը:
53 Բաբեկ:

54
Արաբ զորավար, որը պատերազմել է Բաբեկի դեմ և հաղթել նրան:
55
Արաբական խալիֆա: Իշխել է 833-842թթ.:
56 Նման տեղեկություն պահպանվել է նաև Մովսես Դասխուրանցու մոտ: Այդ
իրադարձությունը տեղի է ունեցել
837թ.:
57
Բյուզանդական կայսրություն:
58
Արաբական այլ աղբյուրներում` «Իսայի Իբն Իսթիֆանուս»: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Դիզակի
իշխան Եսայի Աբու Մուսեի մասին է, քանի որ արաբ այլ հեղինակներ, այս պատմությանն անդրադառնալիս,
նշում են, որ Բաբեկի եղբայրը տեղափոխվել է Եսայի Աբու Մուսեի ամրոցը, այսինքն` Քթիշ բերդը:
59
Կամ խալիֆա:

Вам также может понравиться